Արմավիրը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնւում է Երասխի ձախ ափին, Արարատեան դաշտում։ Մովսէս Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. II հազարամեակից առաջ), ըստ ավանդության "Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ"։ Արարատեան կամ Վանի թագավորության /Ուրարտական/ շրջանում՝ մ.թ.ա. մոտ 776 թվականին, Արգիշտի Առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ, իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Վանի-Արարատյան /Ուրարտական/ պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, իսկ մ.թ.ա. 331թ. դարձել է Արարատյան նոր Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. 189 թ.-ին, երբ Արտաշէս Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր։ Ըստ Մովսէս Խորենացու, Վաղարշակ թագավորը Արմավիրի մեհյանում կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների անդրիները։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսափյունով։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Բագրատունիների օրոք ունեցել է ավելի քան 10 հազար բնակիչ և թագավորության չորրորդ քաղաքն էր։ Մատենագրությունից, ինչպես նավ Արմավիրի պեղումների արդյունքներով հայտնի են՝ Արմավիր քաղաքի երկու թաղամասերը՝ Ալիսո(ու) և Բլուր ինչպես նաև տնտեսական նշանակության շինություններ՝ դարբնոց, թոնատներ, արհեստանոցներ, ձուլարաններ, դեղատուն, երկու խաղողի ճզման հնձաններ։
1712 թվականից, Երևանի պարսկական խանի որոշմամբ սկսվեց կառուցվել Սարդարապատի բերդը, և սկիզբ դրվեց Արմավիր մայրաքաղաքի ավերակների ավերմանը։ Քաղաքը հանդիսացավ որպես «պատրաստի քարհանք» ավերակների մոտակայքում կառուցվող նոր բերդի, նոր բնակավայրի և տեղացիների բնակելի տների կառուցման համար։ 1779 թվականին հանդիսավոր կերպով բացվեց Սարդարապատի բերդը։
Բերդի տարածքը կազմում էր 10-12 հազար հեկտար, ուներ 10-12 , տեղ-տեղ մինչև 15 մետր բարձրությամբ պարիսպներ և բազմաթիվ աշտարակներ: Երևանի պարսկական խանության - ամրացված բերդերից էր։ 18-րդ դարում Սարդարապատը արևմտահայ գաղթականների և այստեղ տեղաբաշխած պարսկական խանի զորքերի հաշվին, վերածվեց մոտ 10 հազար բնակչություն ունեցող քաղաքի, ըստ հայկական աղբյուրների, Սարդարապատը ուներ մոտ երկու հազար հիմնական բնակչություն, մեծամասամբ հայեր, բերդը ուներ նաև խաղողի և պտղատու այգիներ, բամբակի և քրնջութի ցանքատարածություններ, մեծաքանակ ցորենի դաշտեր, ինչն ապացուցում է ռուսական բանակի ձեռքն ընկած մեծաքանակ հացահատկի պահեստները:
1827 թվականի սեպտեմբերի 20, Պասկևիչի և Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական բանակին հաջողվեց գրավվել բերդը ավերելով հայոց Արմավիր մայրաքաղաքի արձանագրություններով կառուցած բերդը: Այստեղ է գտնվել նաև Արգիշտի Ա-ի Արմավիր-Արգիշտիխինիլիի հիմնադրման արձանագրությունը:
Արմավիր քաղաքի թաղամասերի և շրջակա ագարակների հիմքի վրա 17-19-րդ դդ ձևավորվեցին նախ ագարակային, ապա գյուղական համայնքներ, որոնք ներկայումը կազմում եմ Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան, Այգեշատ,Բամբակաշատ, Ջրաշեն, Նոր Արտագերս և Նալբանդյան գյուղերը։
Մինչև քրիստոնեությունը պետական կրոն ընդունելը ըստ Մովսես Խորենացու Արմավիրում եղել են երեք հեթանոսական տաճարներ՝ լուսնի, արևի և նախնիների հիշատակման տաճարները։
Արմավիր քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմել է Ալեքսանդր Թամանյանը: Հետագայում գլխավոր հատակագծեր են կազմվել 1940, 1955, 1976 և 2010 թվականներին[2]:
2011-2014 թվականներին կառուցվել է քաղաքի միակ եկեղեցին և օծվել 2014 թվականի մայիսի 31-ին։
Արմավիրում այսօր գործում է 10 միջնակարգ դպրոց, 12 մսուր-մանկապարտեզ, 1 համալսարան, 2 քոլեջ, 3 մարզադպրոց, 1 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 գեղարվեստի դպրոց, 5 գրադարան, մշակույթի տուն, ռազմա-մարզական վարժարան, գիշերօթիկ դպրոց, 2 հեռուստաընկերություն, կենդանաբուսաբանական այգի, որը հանրապետությունում երկրորդն է և զբաղեցնում է 8 հա տարածք, «Բարեկարգում» տնօրինությունը, «Արմավիրի ջրամատակարար» ՓԲԸ, մշակույթի տներ, քաղաքային զբոսայգի և այլն:
Քաղաքում գործում են կոնյակի, պահածոների, կաթի և կաթնամթերքի, հացի, գազապարատուրայի, մոլիբդենի հարստացման, շինանյութերի արտադրության, կահույքի արտադրության գործարանները, փոքր և միջին բիզնեսով զբաղվող բազմաթիվ արտադրական և սպասարկման ծառայություններ իրականացնող ձեռնարկություններ:
