Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5-6 հազար տարի առաջ[12]:
Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։
Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ Ա Աքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)։ Երևանը կոչվել է նաև Այրիվան, Էրիվան, Րևան և այլ անուններով[13]:
Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք[12]:
Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։
1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի արդյունքում[39] ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունեցող Երևանը դառնում է նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։
1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով վերջինս ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից: Դրանով վերականգնվեցին ՀՀ սահմանները՝ ներառելով Երևանի նահանգը ամբողջությամբ, Կարսի մարզի մեծ մասը, Ելիզավետպոլի նահանգի լեռնային շրջանները՝ Սյունիքը, Արցախը և Տավուշը, Թիֆլիսի նահանգի հայկական տարածքները՝ Ախալքալաքը և Լոռին:
Երևան են տեղափոխվում վարչաքաղաքական մարմինները, բացվում են հյուպատոսարաններ։ Երևան բնակություն են հաստատում հարյուրավոր հայեր՝ ոչ միայն Արևելյան, այլև Արևմտյան Հայաստանից[39]: Նրանց մի մասը գաղթականներ էին[39]: 1919 թվականին բացվում է Երևանի պետական համալսարանը: Բազմաթիվ սփյուռքահայեր իրենց պատրաստակամությունն են հայտնում ներդրումներ կատարել նորանկախ Հայաստանում, իսկ ոմանք կտակում են իրենց ունեցվածքը[39]: 1920 թվականին Մոսկվայում սկսվել էին հայ-ռուսական բանակցությունները։ Հոկտեմբերի կեսին, թուրք-հայկական պատերազմի ժամանակ, Երևանում սկսվեց բանակցությունների երկրորդ փուլը։ Հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը, որի նախագծով Ռուսաստանը պետք է ստիպեր թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914 թվականի սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ իրավունքները Նախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։ Հայաստանը պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա[39]: Սակայն հոկտեմբերի 31-ին հայկական զորքը առանց դիմադրության թուրքերին հանձնեց Կարսը:
Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ) Սարգիս Կասյանի նախագահությամբ և Կարմիր բանակի ուղեկցությամբ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Ղազախից մուտք գործեց Հայաստան՝ Քարվանսարա (Իջևան) ու հայտարարեց Հայաստանի խորհրդայնացման մասին։ Հայկական զորքը դիմադրություն ցույց չտվեց ռուսական զորամասերին։ Դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը խորհրդայնացվեց։ Նույն օրը սակայն, Ալեքսանդրապոլի պայմանագրով Ալ. Խատիսյանի գլխավորությամբ հայկական կողմը պաշտոնապես հրաժարվեց Սևրի պայմանագրից և Թուրքիային զիջեց Կարսի մարզը և Շիրակը[39]:
Խորհրդային շրջան...
Երևանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում խորհրդային շրջանը: ՀԽՍՀ ղեկավարները փորձում էին Երևանը գեղեցկացնել և աշխարհի այլ մայրաքաղաքների շարքում իր անունն առանձնացնել։ Սարգիս Կասյանի օրոք՝ 1920-1921 թվականներին մեծ աշխատանք կատարվեց արտադրական ձեռնարկությունները գործի գցելու, սովին ու համաճարակին վերջ տալու, դպրոցները բացելու, ջրմուղը կարգի բերելու, փողոցներն ու հրապարակները մաքրելու համար։ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Հայաստան են տեղափոխվում և Երևանում բնակություն հաստատում նկարիչ Մարտիրոս Սարյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և շատ ուրիշներ։ Թամանյանին վիճակված էր Երևանի նոր հատակագծի նախագծումը։
1921 թվականին կազմակերպվեց «Արարատ» տրեստը, որը միավորեց գինու-կոնյակի արտադրության ձեռնարկությունները։ 1924 թվականին հրապարակվեց ՀԽՍՀ կառավարության որոշումը մայրաքաղաքում կառուցվող կենտրոնական հրապարակը Վ. Ի. Լենինի անունով կոչելու մասին[21]: Երևանում բացվեցին թատրոններ, կինոստուդիա, համալսարանում բացվեցին նոր ֆակուլտետներ, բազմաթիվ արվեստագետներ հիմնեցին խմբակներ ու միություններ։ 1926-1927 թվականներին շարք մտան մի շարք գործարաններ ու ֆաբրիկաներ։ 1933 թվականին սկսվեց կաուչուկի գործարանի շինարարությունը, որը դարձավ ԽՍՀՄ հարվածային կառույցներից մեկը։ 1936 թ. կառուցվեց Քանաքեռգէսը[21]: Երևանում ստեղծվեց ժամանակակից քաղաքային տնտեսություն, ծավալվեց ջրմուղի, կոյուղու, բնակելի տների, դպրոցների, վարչական շենքերի շինարարությունը, գործարկվեց տրամվայը։
1932 թվականին բացվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, 1933 թվականից սկսած՝ պոլիտեխնիկական, թատերական, կոնսերվատորիայի, մանկավարժական և այլ ինստիտուտները։ 1935 թվականին բացվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը, որի հիման վրա Հովսեփ Օրբելին և մի շարք հայ գիտնականներ 1943 թվականին պետք է ստեղծեին ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան:
1941 թվականի հուլիս-օգոստոսին հազարավոր երևանցիներ մեկնեցին բանակ։ Երևանում կազմավորվեցին 89-րդ, 408-րդ և 261-րդ հայկական հրաձգային դիվիզիաները։ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան, որին Թամանյան թերակղզու ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար ԽՍՀՄ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով 1943 թվականին շնորհվեց «Թամանյան» տիտղոսը[39], Գրոզնու մատույցներից հասավ Բեռլին: Քաղաքի տնտեսությունը փոխադրվեց ռազմական ռելսերին, շատ ձեռնարկություններ անցան ռազմական արտադրանքի թողարկման։ Ավելացավ քիմիական, մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքը։ Պատերազմի ժամանակ շատ ընտանիքներ Երևան էվակուացվեցին Լվովից, Մինսկից, Լենինգրադից, Դոնի Ռոստովից, Կրասնոդարից, Արմավիրից, այլ քաղաքներից։
Հայրենական մեծ պատերազմից հետո Երևանում մնացած գերմանացի ռազմագերիները Հրազդան գետի վրա կառուցեցին մի կամուրջ, որը կոչվեց Հաղթանակի: Ռազմագերիները կառուցել են նաև Արարատ կոնյակի գործարանի շինությունները, և այլ կառույցներ։ Երևանում բացվում է Հաղթանակի այգին, որտեղ նախ տեղադրվում է Ստալինի արձանը, ավելի ուշ փոխարինվում է Մայր Հայաստանի արձանով:
Հետպատերազմյան շրջանում բուռն թափով շարունակվեց Երևանի զարգացումը։ Շահագործման հանձնվեցին նոր ձեռնարկություններ, որոնց արտադրանքն իր նշանակությամբ հաճախ դուրս էր գալիս ոչ միայն հանրապետության, այլև ԽՍՀՄ սահմաններից։ Շարք մտան էլեկտրաճշգրիտ սարքերի, Քանաքեռի ալյումինի (ԿԱՆԱԶ), «Պոլիվինիլացետատ», ֆրեզերային հաստոցների, հիդրոհաղորդակ, մետաղակերամիկայի, պոլիպլաստ, գեղարվեստական ժամացույցների, քիմիական ռեակտիվների, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանները, տնաշինական կոմբինատները, կահույքի ֆաբրիկան, մետաքսի կոմբինատը, դաշնամուրի ֆաբրիկան, մի քանի տասնյակ այլ ձեռնարկություններ։ Արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ ընդլայնվեց նրա էներգետիկ բազան. Աթարբեկյանգէսի և Երևանի 2-րդ հիդրոէլեկտրակայանի գործարկմամբ ավարտվեց Սևան-Հրազդան կասկադը: Այնուհետև սկսեցին գործել Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայանները։ 1959-1960 թվականներին կառուցվեց Աղստաֆա-Երևան գազամուղը, և բնական գազը Ադրբեջանից հասավ Հայաստանի մայրաքաղաք[21]:
1965 թվականին Երևանում կազմակերպվեց բազմահազարանոց բողոքի ակցիա, ցույց՝ Հայոց Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցի կապակցությամբ։ Սա իր բնույթով եզակի հանրահավաք էր և նախադեպը չուներ ԽՍՀՄ պատմության մեջ։ Որոշ ժամանակ անց ավարտին հասցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը։ 1968 թվականին մեծ շուքով նշվեց Երևանի 2750-ամյակը։
1978 թվականին ծնվեց Երևանի միլիոներորդ բնակիչը։ Այդ ժամանակ աշխարհում մեկ միլիոն բնակչությամբ շատ հազվագյուտ քաղաքներ կային։ Հրապարակում բացվեցին երգող շատրվաններ, որոնք երկրորդն էին աշխարհում՝ Փարիզից հետո։ Կառուցվեցին Երիտասարդական պալատը, Զվարթնոց օդանավակայանը, Երևանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, վերակառուցվեց Սուրբ Սարգիս եկեղեցին, նոր շուք ստացավ Լենինի հրապարակը:
Արցախի հայությունը 1988 թվականին ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց՝ նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և պատմականորեն հայկական Արցախ երկրամասը վերադարձնել Հայաստանի կազմի մեջ[39]: Երևանում սկսվեցին համազգային ցույցեր ու հանրավաքներ՝ ի պաշտպանություն արցախահայության։ Ադրբեջանը ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանության ենթարկվեց ԱդրբեջանիՍումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքների և այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն Լեռնային Ղարաբաղի տարածքում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը ու շրջափակումը չկարողացան ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Հայերը զենք վերցրին ազատագրելու իրենց հայրենիքի մի մասը՝ Արցախը[40]:
1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում էր կայացրել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Հանրաքվե անցկացնող հանձնաժողովի նախագահը Բաբկեն Արարքցյանն էր, տեղակալները՝ նախարարների խորհրդի առաջին տեղակալ Գևորգ Վարդանյանը և պատգամավոր Տեր Հուսիկ Լազարյանը, քարտուղարը՝ պատգամավոր Խաչատուր Բեզիրջյանը։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մասը (2.43 միլիոն մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների 94.4 %) «այո» ասաց քվեարկության դրված հարցին՝ «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»[39]: Հանրաքվեի արդար ու թափանցիկ անցկացնելու վերաբերյալ վկայում էին գրանցված 117 դիտորդները 25 երկրներից[40]:
Սրանով ծնունդ առավ Հայաստանի երրորդ հանրապետությունը, որպես Հայաստանի առաջին (1918-1920) և երկրորդ (խորհրդային՝ 1920-1991) հանրապետությունների ժառանգորդ։ Անկախացումից հետո երկիրն ուներ մի շարք խնդիրներ՝ քայքայված տնտեսություն, ավերիչ երկրաշարժից մնացած ավերակներ ու զանգվածային մարդկային զոհեր, ինչպես նաև Արցախի հարցը[40]:
1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ, որի արդյունքում, ձայների ճնշող մեծամասնությամբ (83 %), Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը:
Անկախության ուղին բռնած հանրապետությանը ու նրա նորընտիր ղեկավարությանը ծանր փորձություններ էին սպասվում։ Հայաստանը փաստորեն կտրվել էր տնտեսական նախկին համակարգից։ 1991 թ. նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը։ Սկսվեց Հայաստանի էներգետիկ ճգնաժամը, բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առջև։
1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին[39]: Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղծումը՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը[40]:
Պատերազմական ժամանակաշրջանում Երևանը կրեց զգալի կորուստներ. շարքից դուրս եկավ տնտեսությունը, պակասեց բնակչության թիվը։
Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին, Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում[41]: Երևանի կլիմային բնորոշ
են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։
Մայրաքաղաք Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելքում՝ հյուսիսային լայնության 40° 04'-40° 14' և արևելյան երկայնության 44° 23'-44° 37' միջև, երիտասարդ հրաբխային ու նստվածքային ապարներից կազմված 7-8-բալլանոց սեյսմիկ և չորրորդ ժամային գոտիներում: Առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ 19,7 կմ է, արևմուտքից արևելք՝ 19,1 կմ։
Երևանը ժամանակին մտել է Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։ Սահմանակից է ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերին[40]:
Քաղաքն ունի ամֆիթատրոնի տեսք. ներքևում քաղաքի կենտրոնն է, իսկ թաղամասերը բարձրանում են լանջերն ի վեր։ Ամենացածր կետերը հարավում են՝ Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: Ամենաբարձր տեղադրությունն ունեն Ավան և Նոր Նորք համայնքները։ Հանրապետության հրապարակը գտնվում է ծովի մակարդակից ուղիղ 1000 մետր բարձրության վրա[40]:
Երևանը, ինչպես և ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, գտնվում է Գրինվիչի զուգահեռականից արևելք՝ չորրորդ ժամային գոտում: Դա նշանակում է, որ երբ Երևանում ժամը 12.00–ն է, կեսօր, ապա Լոնդոնում առավոտյան 08.00 է, Սիդնեյում՝ երեկոյան 19.00, իսկ Լոս Անջելեսում կեսգիշեր է՝ 01.00[42]:
Մինչև 2011 թվականը Հայաստանն անցնում էր ամառային և ձմեռային ժամային հերթափոխի. մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ էին տրվում, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը ձմեռային ժամանակը վերականգնվում էր՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալով։ 2012 թվականից Երևանի ժամանակը նմանեցվել է Մոսկվայի ժամանակին և դարձել է անփոփոխ ՀՀ համապատասխան օրենքի փոփոխությամբ[43]:
Երևանը գտնվում է բարեխառն գոտու ցամաքային հատվածում, շրջապատված լեռներով ու լեռնաշղթաներով։ Երևանի առջև Արարատ լեռան տեսարանն է, իսկ հյուսիսում վեր է խոյանում Արագածը. այսպիսով, Երևանը թուրքական սահմանից հեռու է ընդամենը քսանհինգ կիլոմետր։ Արևելքում Գեղամա լեռներն են, Սևանա լիճը: Քաղաքից արևմուտք և հարավ սփռված է ընդարձակ Արարատյան դաշտը: Դարեր շարունակ Երևանի կլիման եղել է անապատա–կիսաանապատային բնույթի. տարեկան տեղումների քանակը՝ սակավ, շոգ ու չոր ամառներով, ցուրտ ու չոր ձմեռներով։ Ջրային հիմնական աղբյուրը լեռնային գետերն էին։ Դրանց շնորհիվ Արարատյան դաշտի բնակչությունը ստեղծել էր այգիներ ու ցանքատարածություններ՝ վերակենդանացնելով այդ տարածքները։ Ամենուրեք առկա էին լքված քարային տարածքներ, որտեղ բազմացել էին օձերը, սարդերը, կարիճները, շատ էին փշածածկ տարածքները։
Վերջին դարի ընթացքում իրավիճակը փոխվում է. ավելի կանոնակարգված ոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները, հիմնել մայրաքաղաքին վայել այգիներ ու պուրակներ։ Մշակվում ու բարեկարգվում են հողային տարածքների, և վերածվում այլ տիպի՝ կուլտուր–ոռոգելի։ Երևանի մերձակայքում հիմնվում են լճակներ, որտեղ զբաղվում են ձկնաբուծությամբ: Քաղաքին նոր շուք են տալիս բուսաբանական ու կենդանաբանական այգիները: Կանաչապատվում են նաև բակային տարածքները, տնկվում են հիմնականում բարդի և կաղնի, ինչպես նաև պտղատու ծառեր։ Երևան են բերվում եղևնիներ ու սոճիներ: Ծառատեսակներ են բերվում նաև արտասահմանից. դրանցից էր, օրինակ, ռուսական չերյոմուխա ծառը, որի անունով էլ կոչվել է Աջափնյակ համայնքի մի մասը։ Բազմազան է դարձել կենդանական աշխարհը, քաղաքային կյանքին սովոր բազմապիսի թռչուններ են հայտնվել Երևանում։
